Լուրջ մտավախություն կա, որ այսօր էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

3.11.2023 - 20:09 դիտում

Հայաստանն այսօր է լուրջ մտավախություններ ունի, որ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ ու տարածքային պահանջներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Երևանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը հիշեցրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

«Ցավոք, այսօր էլ առկա են  լուրջ մտավախություններ, որ հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեռ կան հավակնություններ, տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Կան նաև որոշակի վերապահումներ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, մասնավորապես, երբ խոսքը, օրինակ, տարածաշրջանային ենթակառուցվածքների մասին է։ Այնպես որ, այդ մտավախությունները դեռ այսօր էլ կան»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների կարգավորման ուղղությամբ էլ աշխատում են, սակայն հստակ լուծում դեռ չկա:

«Կարգավորման գործընթաց է գնում, երբեմն թվում է՝ մոտ ենք հանգուցալուծմանը, երբեմն էլ տեսնում ենք, որ նոր խոչընդոտներ են ի հայտ գալիս»,- նշեց Միրզոյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ