Թուրքական ոստիկանությունը Սուլեյմանջըլար աղանդում խուզարկությունների ժամանակ առգրավել է 200 կգ ոսկու ձուլակտոր՝ 1.34 միլիարդ լիրա (մոտավորապես 28 միլիոն դոլար) արժողությամբ։ Այդ մասին հայտնում է TRT Haber-ը։
Խուզարկությունները կատարվել են աղանդի առաջնորդի եղբոր՝ Ալիխան Քուրիշի տանը՝ կազմակերպված հանցավոր խմբի կողմից փողերի լվացման գործի քննության շրջանակներում։
Քննության շրջանակներում ձերբակալվել են նաև գործով 38 մեղադրյալներից 32-ը, այդ թվում՝ աղանդի առաջնորդը։ Ըստ հաղորդագրության՝ վեց մարդ ազատ է արձակվել դատական հսկողության ներքո։
Սուլեյմանջըլարը թուրքական սուննի կրոնական շարժում է։ Այն առաջացել է իսլամական քարոզիչ Սուլեյման Հիլմի Թունահանի շուրջ 20-րդ դարի կեսերին։ Աղանդը ղեկավարում է կրոնական դպրոցների և հանրակացարանների ցանց, որտեղ ուսումնասիրվում են Ղուրանը և իսլամական ավանդույթները։
