Երկու օր է` «Դիլիջան ազգային պարկ»–ում հրդեհ է. քամու պատճառով այն տարածվում է

Աննա Կոստանյան 7.11.2023 - 16:00
7.11.2023 - 16:00 դիտում

Երկու օր է` «Դիլիջան ազգային պարկ»–ում հրդեհ է. քամու պատճառով այն տարածվում է:

Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 3-րդ պահաբաժնում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։51-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 փրկարարական ծառայող, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 և Դիլիջանի ոստիկանության 1 աշխատակից։

Ժամը 20:07-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Նոյեմբերի 7-ին, ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նոյեմբերի 7-ին, ժամը 15։00 քամու ուժգնության հետևանքով հրդեհը շարունակում է տարածվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծինի տեղամասում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ