Վեց երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում հեռանալ Ուկրաինայից

11.02.2022 - 23:25 դիտում

Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ Նիդերլանդների, Չերնոգորիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կառավարություններն իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել Ուկրաինա, իսկ այդ երկրում արդեն գտնվողներին կոչ են անում անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը:

Կիևում Նիդերլանդների դեսպան Յենես դե Մոլը նախազգուշացրել է, որ «կենտրոնացված տարհանում չի նախատեսվում» և խորհուրդ է տվել հնարավորինս արագ հեռանալ Ուկրաինայից:

Նմանօրինակ ուղերձով է հանդես եկել նաև Չերնոգորիայի արտաքին գերատեսչությունը:

Հարավային Կորեան վտանգավորության «կարմիր աստիճան» է սահմանել Ուկրաինայի պարագայում և արգելել է ուղևորություններն այդ երկիր:

Նույն վճիռն է կայացրել Ճապոնիայի կառավարությունը, որը հայտարարել է, թե «Ռուսաստանի ռազմական հզորության ավելացման հետևանքով Ուկրաինայում անկանխատեսելի իրավիճակ է ստեղծվել»:

Jerusalem Post թերթը հայտնում է, որ Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ լարված իրադրության ֆոնին Իսրայելի ԱԳՆ-ն համաքաղաքացիներին կոչ է անում առայժմ չայցելելել Ուկրաինա:
Արդեն ուկրաինական տարածքում գտնվող իսրայելցիներին խորհուրդ են տալիս զերծ մնալ առավել վտանգավոր համարվող շրջաններ այցելություններից։
Ուկրաինայում իսրայելցի դիվանագետներին նախարարությունը խնդրում է իր ընտանիքները դուրս բերել այն շրջաններից, որոնք կարող են առավել մեծ վտանգ ներկայացնել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել բոլոր ամերիկացիներին լքել Ուկրաինան:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ