Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի. ԱՀ ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 19.09.2023 - 19:38
19.09.2023 - 19:38 դիտում

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի մեկնաբանությունը
Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր և տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար:
Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի և հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:
Ինչպես տեղյակ եք՝ վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը:
Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել: Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին:
Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:
Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:
[ԱՀ արտաքին գործերի նախարարություն]

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ