Կորոնավիրուսի դրական դեպքերի 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման. Անահիտ Ավանեսյան

Աննա Կոստանյան 3.02.2022 - 12:31
3.02.2022 - 12:31 դիտում

Կորոնավիրուսի համավարակը մեզ համար ամենևին էլ անսպասելի չէր: Հունվարի սկզբին, երբ մեր օրական դեպքերի թիվը շատ փոքր էր, մենք ասում էինք, որ փետրվարին ունենալու ենք մեծ ծավալ. «Օմիկրոն» շտամի ներթափանցման հետ կապված օրական դեպքերի թիվը շարունակական աճում է: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այսօր արձանագրված 4388 դեպքերից այս պահի դրությամբ հոսպիտալացված է 1533 քաղաքացի, որոնցից միայն 256-ը կամ 16.6 տոկոսն է պատվաստված:

«Ակնհայտ է պատվաստման էական ազդեցությունը պրոցեսների վրա, և մենք նաև հիմա պատրաստվում ենք այս ալիքին, որը, ըստ ամենայնի, դեռ կաճի. առաջիկա առնվազն մեկ շաբաթվա ընթացքում մենք թվերի շարունակական աճ ենք կանխատեսում: Հույս ունենք, որ մեր կանխատեսած նշաձողից ավելի բարձր չեն լինի թվերը, և մենք հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի պատշաճ ձևով դիմակայենք այդ ալիքին»,- նշեց Փաշինյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, որ կորոնավիրուսի դրական դեպքերի 4 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման:

«Մեր համակարգը, ըստ նախագծված պլանի, անցնում է հերթական հոսպիտալային մահճակալների ծավալմանը: Համակարգն այս պահին էլ լարված ռեժիմով է աշխատում՝ պատշաճ կերպով կազմակերպելու մեր բնակչության թե՛ կանխարգելումը, թե՛ բժշկական օգնության կազմակերպումը: Շարունակվում են պատվաստումային գործընթացները, այս պահին քանի որ ունենք հիվանդացածների մեծ թիվ, նրանց պատվաստումները մի փոքր հետաձգվում են, քանի որ 3 ամիս պետք է անցնի հիվանդանալու պահից»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով ընդհանուր պատվաստումային ցուցանիշներին՝ Ավանեսյանն ասաց, որ այսօր 18 տարին լրացած քաղաքացիների շրջանում առաջին դեղաչափը ստացած քաղաքացիները կազմում են 46.3 տոկոս, և ամբողջական պատվաստում է ստացել 37 տոկոսը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ որոշակի մեխանիզմների գործադրմամբ աշխատող քաղաքացիների շրջանում առկա են բավականին բարձր ցուցանիշներ, բայց դեռևս բաց է մնում չաշխատող քաղաքացիների շրջանում պատվաստումների խնդիրը:

«Երրորդ դեղաչափի հարցը նույնպես շատ էական է, և ես ուզում եմ, որ մենք զգոնությունն այս թեմայով չկորցնենք»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ