ԼՂ-ից բռնի տեղահանված 11800-ից ավելի անձ աշխատանքի է ընդունվել Հայաստանում

Աննա Կոստանյան 28.03.2024 - 13:12
28.03.2024 - 13:12 դիտում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեծ թվով քույրեր և եղբայրներ Հայաստանում աշխատանքի են ընդունվել: Վերջին տվյալների համաձայն՝ 11800-ից ավելի մարդ է աշխատանքի ընդունվել, և մենք այս պրոցեսը պետք է քաջալերենք: Այդ մասին Կառավարության մարտի 28-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսքն ուղղելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ վարչապետը հետաքրքրվեց՝ դպրոցահասակների կրթական պրոցեսը կազմակերպվա՞ծ է:

«Երեխաների ճնշող մեծամասնությունը դպրոցներում է. շուրջ 17 հազար երեխայի մասին է խոսքը: Մենք նաև Միգրացիոն ծառայության հետ անհրաժեշտ ճշտումներն ենք արել, որպեսզի հասկանանք այն երեխաների շրջանակը, որ դեռևս կարող է կրթության կազմակերպման խնդիր ունենալ:

Պետք է հիշեցնեք նաև, որ մենք ամբողջությամբ հոգացել ենք բուհերի և քոլեջների ուսանողների կրթության կազմակերպման հարցը, և արդեն իսկ փոխհատուցել ենք ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև ներկայացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների՝ մարզային դպրոցներ գործուղելու գործընթացի թվային վիճակագրությունը:

«ԼՂ-ից ռնի տեղահանված ուսուցիչներից 320-ը մարզերում աշխատանքի են տեղավորվել, իսկ ծրագրից դուրս դպրոցներում աշխատանքի տեղավորված ուսուցիչների թիվը շուրջ 500 է»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Կառավարության աջակցությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աշխատանքի տեղավորելու ծրագրին, ապա այդ ծրագրով 370 անձ արդեն իսկ աշխատանք է գտել: 4387 անձ ՄՍԾ տարածքային գրասենյակներում գրանցվել է որպես գործազուրկ, գործատուների մոտ ուղղորդվել է 2292 անձ, որից շուրջ 2000-ն անցել է աշխատանքի:

Ըստ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու մասով ծրագիրը քննարկման կներկայացվի ապրիլի վերջին:

«Խոսքը վերաբերում է 25-30 հազար ընտանիքներին բնակարանով ապահովելուն: Այս ծավալը թե՛ երկրորդային շուկայում եղած առաջարկի տեսանկյունից, թե՛ կառուցման մեջ գտնվող շինարարության ծավալի տեսանկյունից բավականին էական փոփոխություն է, և մենք այնտեղ պետք է մեծ ուշադրություն դարձնենք հերթականությանը»,- ասաց փոխվարչապետը, ապա պարզաբանեց՝ առաջին փուլում ոչ բոլոր ընտանիքներին կառաջարկվի բնակարան կամ տուն կառուցելու հնարավորություն, փուլային հաջորդականություն է սահմանվելու, ուստի ավելի ուշ հերթում գտնվողների համար աջակցության ծրագրերը կշարունակվեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ