Ադրբեջանի տեղեկատվական տարածքում պարբերաբար հայտնվում են Մոսկվայի նկատմամբ ոչ բարեկամական հռետորաբանությամբ նյութեր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվան բազմիցս առաջարկել է Բաքվին տեղեկատվական փոխգործակցության հարցերը քննարկել պրոֆիլային խորհրդակցությունների շրջանակում։ Ռուսական կողմը հույս ունի, որ նման երկխոսությունը կհաջողվի անցկացնել առանց քաղաքականացման և ԶԼՄ-ների ավելորդ ուշադրության, հավելել է դիվանագետը:
Զախարովան մեկնաբանել է նաև ռուս լրագրողներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը:
«Այս անձանց հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Ադրբեջանի նկատմամբ Մոսկվայի մոտեցումը: Կարծում ենք, որ ռուս-ադրբեջանական կապերը պետք է զարգանան առկա երկկողմ իրավապայմանագրային բազայի հիման վրա»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, կպաշտպանի իր քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը՝ կապված Ադրբեջանի գլխավոր դատախազության որոշման հետ։
Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին, Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել ռուս լրագրողներ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ՝ ահաբեկչության հրապարակային կոչերի, սահմանադրական կարգի բռնի փոփոխության և երկրի տարածքային ամբողջականության խախտման մեղադրանքներով:
Օգոստոսի 18-ին էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։ Բաքուն «վճռական բողոք» է հայտնել ռուսական ԶԼՄ-ներում արված «սադրիչ, վիրավորական և սպառնալից» հայտարարությունների կապակցությամբ:
