Այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրին պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ընտանիքին պատկանող Իջևանի և Ոսկեպարի տներում։
Այս մասին հայտնել է Միհրան Մախսուդյանի որդին։
Վերջինս հավելել է, որ հայրը ձերբակալվել է, նրան տեղափոխում են Քննչական կոմիտե:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ Գալստանյանի բնակավայրում։
Իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ են սկսել «Սրբազան պայքարի» աջակիցների տներում ևս:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն էլ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մի շարք անդամների բնակարաններում։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը ևս հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ խուզարկություններ են իրականացվում ՀՀՄ կուսակցության անդամների տներում։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: