Իրանին ԱՄՆ-ի հարվածի դեպքում Մեծ Բրիտանիան և Եվրամիության երկրները կարող են բախվել ահաբեկչությունների ալիքի, հինգշաբթի՝ հունիսի 19-ի երեկոյան հաղորդել է լոնդոնյան The Telegraph թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Մեծ Բրիտանիան և եվրոպական մյուս պետությունները մտահոգություն են հայտնել Վաշինգտոնին, որ միջամտելով Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությանը՝ կարող են «քնած բջիջների» կողմից ահաբեկչական հարձակումների ալիք հրահրել եվրոպական տարածքում։
Ըստ The Telegraph-ի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ականջալուր լինել այդ փաստարկներին, հատկապես հաշվի առնելով, որ Իրանի իշխանությունները, պարբերականի պնդմամբ, նախկինում կարող էին մահափորձ նախապատրաստել նրա դեմ:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Եվրամիությունը կոչ են արել ԱՄՆ-ին զսպվածություն ցուցաբերել՝ պատճառաբանելով, որ Իրանում դեռևս պահվում է արևմտյան երկրիների մի քանի քաղաքացի։ The Telegraph-ը հիշեցնում է, որ 2022 թվականից ի վեր Իրանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի հետ կապված առնվազն 15 մարդ։