Վրաստանում մահացությունը գերազանցում Է ծնելիությանը. վիճակագրություն

Աննա Կոստանյան 17.09.2021 - 13:39
17.09.2021 - 13:39 դիտում

Վրաստանում տարեսկզբից գրանցվել է բնակչության բնական աճի բացասական ցուցանիշ: Այդ մասին հաղորդել է «Սաքստատ» ազգային վիճակագրական ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գերատեսչության նախնական տվյալների համաձայն, հունվարից մինչև հունիս ժամանակաշրջանում Վրաստանում ծնվել է 21 839 երեխա այն դեպքում, երբ այդ ժամանակաշրջանում մահացել է 25 821 մարդ: Բնակչության բացասական աճն արձանագրվել է բոլոր տարածաշրջաններում, բացի Աջարիայից և Քվեմո Քարթլիից: Երկրում ծնելիությամբ առաջատարը Թբիլիսին է, որտեղ ծնվել է 7101 երեխա: Ծնելիությամբ երկրորդ տեղում Իմերեթի տարածաշրջանն է (2769 երեխա), երրորդում՝ Աջարիան (2556): Ամենաքիչ երեխաները ծնվել են Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի տարածաշրջաններում՝ 123 երեխա, Մցխեթ-Մթիանեթիում՝ 506 և Գուրիում՝ 521: Ինչ վերաբերում է մահացությանը, ապա այստեղ առաջատարը մայրաքաղաքն Է:

Հաշվետու ժամանակաշրջանում Թբիլիսիում մահացել է 7776 մարդ: Երկրորդ հորիզոնականում Իմերեթին է՝ 4286 մարդ, իսկ երրորդում՝ Սամեգրելո-Զեմոն, որտեղ մահացության ցուցանիշը կազմել է 2501:

Բացի այդ, «Սաքստատ»-ի տվյալներով, կես տարվա ընթացքում գրանցվել է 9163 ամուսնություն և 4675 ամուսնալուծություն: Հունվարից մինչև հունիս ժամանակաշրջանում հարաբերություններն ամենից շատ օրինականացրել են Թբիլիսիում՝ 2,5 հազար զույգ, սակայն, ամուսնալուծությունների թվով նույնպես ամենամեծ բաժինն ընկնում մայրաքաղաքին՝ 1,7 հազար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ