ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին հաջողվել է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանը, որը վերաբերում է բացառապես Օլեշկի քաղաքին։ Երկու երկրներն էլ համաձայնել են ժամանակավորապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Օլեշկիում՝ հնարավորություն տալով մարդասիրական օգնությունը հասցնել քաղաք և նախապատրաստել խաղաղ բնակիչների տարհանումը հատուկ նախատեսված անվտանգ միջանցքով։ Տեղային հրադադարն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 29-ին։
«Օլեշկիում իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Այն ռազմաճակատի գծում գտնվող քաղաք է, որը կանգնած է աղետի եզրին։ Օլեշկիում մնացած բնակչության մեծ մասը տարեցներ են, որոնք շտապ բժշկական օգնության, դեղորայքի, սննդի և մաքուր ջրի կարիք ունեն»,- նշել է Մելանյա Թրամփը։
Առաջին տիկինը և նրա ներկայացուցիչն անմիջականորեն աշխատել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարության հետ՝ տեղային հրադադարի պայմանները որոշելու համար։ Հանդես գալով որպես «բացառիկ միջնորդ»՝ առաջին տիկինը նախաձեռնել է քննարկումներ երկու երկրի հետ և համաձայնեցրել համաձայնագրի նպատակները, տեխնիկական ընթացակարգերը, ժամկետները, գործընթացներն ու պայմանները։
«Երկու երկրի քաղաքացիական, ոչ ռազմական ներկայացուցիչները համատեղ կայցելեն Օլեշկիի բնակիչներին իրենց տներում՝ պարզելու, թե նրանք ինչ օգնության կարիք ունեն։ Տարհանվել ցանկացող բնակիչները կստանան համակարգված աջակցություն և տեղափոխման հնարավորություն իրենց նախընտրած վայրը։ Ենթադրում եմ, որ ոմանք կցանկանան մեկնել Ռուսաստան, ոմանք էլ՝ Ուկրաինա»,- ասել է Մելանյա Թրամփը։
Առաջին տիկինը նշել է, որ պայմանավորվել է ամերիկյան անկախ մեդիակազմակերպության հետ, որպեսզի նրանք ուղեկցեն ռուսական և ուկրաինական խմբերին ամբողջ գործընթացի ընթացքում և տեղում արձանագրեն կատարվող աշխատանքները։ Նրա համոզմամբ՝ դա կարևոր դեր կխաղա՝ երաշխավորելու, որ կհարգվեն յուրաքանչյուր ընտանիքի ցանկությունները»։
