ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Օդիլ Ռենո-Բասսոյին

Աննա Կոստանյան 16.09.2022 - 17:24
16.09.2022 - 17:24 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի լրանում է երկկողմ համագործակցության 30-ամյակը, և այս երեք տասնամյակների համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգացել ու ամրապնդվել:

Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաև ՀՀ տնտեսության կայունությանը, այդ թվում՝ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նաև տնտեսության բնագավառում, իրականացվում են հաջողությամբ, ինչի արդյունքում տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն բարձրացել է 11-րդ հորիզոնական:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ ամենը կնպաստի մեր երկրում հետագա տնտեսական ակտիվությանն ու զարգացմանը:

ՎԶԵԲ նախագահը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ Կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են:

Տիկին Ռենո-Բասսոն կարևորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ