Վարչական պատասխանատվություն կսահմանվի զինվորական համազգեստի ապօրինի կրման համար. փոփոխություններն ուժի մեջ են մտել

7.05.2023 - 11:58 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխություններն ընդունվել են Ազգային ժողովի կողմից։

Iravaban.net-ը հայտնում է, որ նոր փոփոխությունները մայիսի 6-ին ուժի մեջ են մտել։

Զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվել են ծառայության կրման վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով՝ բացառությամբ պետական լիազոր մարմնի հրամանով սահմանված դեպքերի: Սահմանվում են զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող միջոցառման մասնակցելու, անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ կրող կոչեր կամ հայտարարություններ հրապարակային հնչեցնելու արգելքներ: Սահմանվել է նաև համացանցով և զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով զինված ուժերի գործունեության, տեղակայման, իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ, տեսանյութեր կամ լուսանկարներ տարածելու կամ քննարկելու արգելքը՝ բացառությամբ պաշտոնական բնույթի հրապարակումների: Նախատեսվել է առանց իրավասու վերադաս հրամանատարին՝ պետին, գրավոր տեղեկացնելու ՀՀ սահմաններից դուրս գալու արգելքը:

Առաջարկվող կարգավորումներով տույժի կրման ընթացքում կարգապահական վաշտում գտնվելու ժամանակահատվածը չի հաշվարկվելու պարտադիր զինվորական ծառայության ժամկետում: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով պայմանագրային զինծառայությունից արձակված նախկին զինծառայողի համար սահմանվում է տուժանքի վճարման պարտավորության դադարեցում, եթե պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո երեք տարվա ընթացքում նա դիմում է կրկին պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար և այդ ժամկետում նրա հետ կնքվում է նոր պայմանագիր՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության անցնելու՝ նախկին դադարեցված պայմանագրի պայմաններով՝ հաշվի առնելով նաև վճարված տուժանքի չափը և նախկինում ծառայած ժամկետը: Սահմանվել է, որ պայմանագրային զինծառայողին մինչև պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու հիմքով արձակելիս նրա համար ծագում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պայմանագրային պարտավորությունները վաղաժամկետ դադարեցնելու հրաժարագրով վճարելու պարտավորություն:

Վարչական պատասխանատվություն է սահմանվել զինվորական համազգեստի կրման իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստի ապօրինի կրման համար: Կարգավորումը վերաբերում է տվյալ պահին Կառավարության կողմից սահմանած համազգեստի կրմանը:

ԱԺ-ում եզրափակիչ ելույթում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշել է, որ նախատեսվում է համազգեստի փոփոխման գործընթաց, վերանայվում է ամբողջ շղթան: Նա ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը կարգապահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ