Պրահա մեկնելու որոշում ունեմ. ՀՀ վարչապետը չի բացառում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը

Աստղիկ Խաչատրյան 30.09.2022 - 22:12
30.09.2022 - 22:12 դիտում

Չեխիայում Էրդողանի հետ հանդիպում լինելո՞ւ է: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս հարցին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ թե՛ Թուրքիան, թե՛ հայկական կողմը չեն բացառել նման հանդիպումը, սակայն դա դեռ չի նշանակում, որ հանդիպումը կկայանա:

«Դա կախված է մի քանի հանգամանքներից, այդ թվում՝ ոչ միայն մեր ուղղակի հարաբերությունների հանգամանքից»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ կա ԵՄ կողմից կազմակերպվող՝ ավելի լայն միջոցառում, որին հրավիրված են նաև Հայաստանը և Թուրքիան:

«Մենք պետք է որոշում կայացնենք այդ գագաթնաժողովին մասնակցելու և ինչ մակարդակով մասնակցելու վերաբերյալ, երկրորդ խնդիրն է` հանդիպումը կկայանա՞, թե՞ ոչ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը Պրահա մեկնելու որոշում ունի, մասնակցելու է գագաթնաժողովին:

Հարցին` ինչ օրակարգով է Հայաստանը ներկայանում այդ հանդիպմանը, վարչապետը պատասխանեց. «Սահմանների բացում, հարաբերությունների կարգավորում»:

Ճշտող հարցին՝ Արցախի հարցի քննարկում լինելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Երբ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, շատ հարցեր կքննարկվեն: Դա, եթե լինի, լինելու է մեր առաջին հանդիպումը, լինելու է ծանոթություն»:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք շարունակվո՞ւմ են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները, վարչապետը պատասխանեց՝ որևէ ազդակ կամ պայմանավորվածություն չկա, որ հանդիպումները դադարում են, բայց այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման տեղ-ժամ պայմանավորված չէ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ