Պուտինը և Էրդողանը քննարկել են հակամարտությունն Ուկրաինայում, հացահատիկային գործարքը

Աննա Կոստանյան 2.08.2023 - 17:07
2.08.2023 - 17:07 դիտում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ երկխոսությունն ընթացել է ռուս-թուրքական բազմաբնույթ համագործակցության տարբեր ասպեկտների շուրջ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ուրվագծել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ կապված սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման փաթեթային համաձայնագրերի դադարեցման և ռուսական պարենի ու պարարտանյութերի մատակարարումների ապաշրջափակման հետ։ Նշվել է, որ «հացահատիկային գործարքի» ռուսական մասի իրականացման հարցում առաջընթացի բացակայության պայմաններում համաձայնագրի հերթական երկարաձգումը կորցրել է իմաստը։ Հաստատվել է ստամբուլյան պայմանավորվածություններին վերադառնալու պատրաստակամությունը, երբ Արևմուտքը գործնականում կկատարի Ռուսաստանի հանդեպ համաձայնագրերում ամրագրված բոլոր պարտավորությունները։

Ընդգծվել է, որ հաշվի առնելով պարենի առավել պահանջ ունեցող երկրների կարիքները՝ մշակվում են ռուսական հացահատիկի մատակարարման հուսալի տարբերակներ, այդ թվում ՝ անհատույց հիմունքներով։

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորումը: Թուրքիայի ղեկավարը, ինչպես հայտնել է նրա գրասենյակը, բանակցությունների արդյունքում կոչ է արել խուսափել քայլերից, որոնք կարող են նպաստել հակամարտության սրմանը:

Ռուս-թուրքական գործընկերության օրակարգը քննարկելիս ղեկավարները կենտրոնացել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հեռանկարների, էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության վրա։ Երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել առևտրի կայուն աճի կապակցությամբ, որը 2022 թվականին գրեթե կրկնապատկվել է։

Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը և ժողովրդին Թուրքիայի տարածքում անտառային հրդեհների մարման գործում ցուցաբերած օգնության համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով, այդ թվում՝ երկու երկրի ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման համատեքստում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ