Պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում առանց ախտանշանների. Ավանեսյան

Աննա Կոստանյան 27.01.2022 - 12:27
27.01.2022 - 12:27 դիտում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Հայաստանում կատարվող պատվաստումներին:

Նախարարի խոսքով՝ պատվաստումներն ակտիվ շարունակվում են, և մեր քաղաքացիներից առաջին դեղաչափը ստացել է 45.3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք նաև պատվաստումների թվի աճ, ինչը, իհարկե, ուրախալի է, և նորից պետք է շեշտադրենք, որ, ի վերջո, պատվաստումներն իրենց նպատակն իրականացրել են: Մենք տեսնում ենք, որ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում առանց ախտանշանների, կամ դրանք թեթև են և հարբուխի նշաններ են, որը հենց մեր գլխավոր նպատակն է եղել՝ հնարավորինս նվազեցնել ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի աճը և մահացության դեպքերը»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով պատվաստվածների սեռատարիքային կազմին՝ Ավանեսյանը նշեց, որ պատվաստվածների գերակշիռ մասը կազմում են 35-60 տարեկան քաղաքացիները. պատվաստվել է 65 տարեկանից բարձր քաղաքացիների 18-19 տոկոսը, ինչը մտահոգիչ է:

«Մեր գլխավոր նպատակն է բարձրացնել հենց 65 տարեկանից ավելի քաղաքացիների պատվաստումային ընդգրկվածությունը, որովհետև գիտենք, որ առաջնային ռիսկի խումբը նրանք են»,-ասաց նա:

12-17 տարեկանների շրջանում 1675 հոգի առաջին դեղաչափն է ստացել, 1000 հոգի՝ երկրորդը: Մարզերի ընդգրկվածության առումով բավական ակտիվ են Վայոց ձորը, Արարատի մարզը և մայրաքաղաք Երևանը:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով, և մատակարարումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի:

«Ապահովված ենք Հայաստանում առկա բոլոր տեսակի պատվաստանյութերով. մենք նաև ունենք պլանավորված հաջորդ ամիսների համար պահանջարկը, և իրականացնում ենք գնումներ, բայց բանակցությունների և գործընկերային կապերի միջոցով ստանում ենք նաև նվիրատվություններ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ «Ֆայզեր» պատվաստանյութերի հետ կապված պայմանագիրը կնքված է, հայտնի են մատակարարման ժամկետները, և ըստ գրաֆիկի կիրականացվի այդ հավելյալ պատվաստանյութի ներմուծումը:

Խոսելով կորոնավիրուսի տարածման դեմ գործող սահմանափակումների մասին՝ նա ասաց, որ պահպանվում են այն սահմանափակումներն ու միջոցառումները, որոնք արդեն ընդունվել են:

Նա հիշեցրեց, որ հունվարի 22-ից ուժի մեջ է մտել հանրային սննդի և ժամանցի վայրերում պատվաստված լինելու կամ ՊՇՌ բացասական թեստի բացասական պատասխանի պահանջը. «Սա սահուն կերպով գործարկվում է, և մեր մոնիտորինգն էլ ցույց է տալիս, որ քաղաքացիների և նաև տնտեսվարողների մոտ կարծես թե պրոցեսը հանգիստ ընթանում է. որևէ խոչընդոտներ չկան, և հաշվի առնելով Հայաստանում պատվաստվածների մեծ թիվը՝ պետք է որ խնդիրներ չունենանք: Առաջիկայում որևէ լրացուցիչ սահմանափակումների ընդունված որոշումներ չունենք, դեռ պահպանում ենք սահմանված ռեժիմը»,- նշեց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ