ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության՝ լողասեզոնի բացմամբ պայմանավորված

1.07.2023 - 15:01 դիտում
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը, լողասեզոնի բացմամբ պայմանավորված, հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը շուրջօրյա հերթապահություն է իրականացնելու «Սևան» ազգային պարկի №1, №2, №3 հանրային լողափերում՝ հանգստացողների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու և ծառայությունը պատշաճ կազմակերպելու նպատակով «Սևան» ազգային պարկի 3 հանրային լողափերին ծավալվել են փրկարարական հենակետեր, որոնք զինված են ջրափրկարարական գույք-տեխնիկայով, համապատասխան միջոցներով։
Լողալու համար անվտանգ և ջրային տեխնիկայի համար նախատեսված գոտիներն առանձնացնելու համար փրկարարների կողմից լողափերում տեղադրվել են համապատասխան նշաններ, որպեսզի քաղաքացիները ջրում առավել անվտանգ լինեն և մշտապես գտնվեն փրկարարների հսկողության ներքո։
Ջրափրկարարները և՛ հանրային լողափերում, և՛ հարակից մասնավոր հատվածներում մոտորանավակներով պարբերաբար իրականացնելու են շրջայցեր՝ մարդկանց և լողամիջոցների անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու նպատակով։
Միաժամանակ բարձրախոսերով իրականացվելու են քաղաքացիների իրազեկան աշխատանքներ՝ վարքականոնների վերաբերյալ։
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է հետևել անվտանգության կանոնների պահպանմանը՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ