Մալթան դատապարտում է ցանկացած գործողություն որը վտանգում է քաղաքացիների կյանքը

Աստղիկ Խաչատրյան 22.09.2023 - 00:06
22.09.2023 - 00:06 դիտում

Մալթան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի նկատմամբ վերջին գործողություններից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Մալթայի արտաքին գործերի նախարար Իան Բորգը:
«Մի քանի շաբաթ առաջ էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բոլոր կողմերին կոչ արեց կառուցողական երկխոսությւոն ծավալել: Նման գործողությունները խոչընդոտ են խաղաղության ճանապարհին: Մալթան դատապարտում է ցանկացած գործողություն, որը վտանգում է քաղաքացիների կյանքը: Կրկին կոչ ենք անում պաշտպանել կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի:
Տեղի բնակչության տեղահանությունը, ավիրածությունները, մարդկային կորուստները դատապարտելի են: Կոչ ենք անում առանց խոչընդոտների հրատապ մարդասիրական օգնություն հասցնել նրանց, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեն: Ագրեսիվ և վտանգավոր հռետորաբանությունը, ինչպես նաև ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության տարածումը կհանգեցնեն կողմերի միջև անվստահության, ուստի կոչ ենք անում զերժ մնալ դրանցից»,- նշել է Բորգը:
Նա կոչ է արել ամբողջովին դադարեցնել մարտական գործողությունները և հարգել հրադադարը:
«Մենք հաստատակամորեն հավատում ենք, որ քաղաքացիական անձանց իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովումը պետք է ամենակարևոր գերակայությունը լինի: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ բռնությունից, վերադառնալ երկխոսության՝ ապահովելու այս իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը: Կոչ ենք անում բոլոր կողմերին ջանքերը կենտրոնացնել կառուցողական և դրական քննարկումների ուղղությամբ: Լիովին սատարում ենք Եվրամիության դերակատարումը՝ որպես երկխոսության միջնորդի բոլոր մակարդակներում:
Վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ցանակացած համաձայնություն կողմերի միջև պետք է պաշտպանի տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքները և անվտանգությունը»,- եզրափակել է Մալթայի ԱԳ նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ