ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը չընդունվեց

Աստղիկ Խաչատրյան 27.10.2021 - 11:49
27.10.2021 - 11:49 դիտում

Կողմ 26, դեմ 0, ձեռնպահ 0 ձայներով չընդունվեց հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը:

«Հիմք ընդունելով 26.10.2021 թվականի ՀՀ ԱԺ նիստում ՀՀ-ի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները հրատապ թեմայով քննարկման արդյունքները՝ ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիան, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նաև դադարեցումից հետո գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը կամ այն գործադրելու իրավական սպառնալիքները»,- ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ արձագանքեց.

«Ազգային ժողովի հայտարարության նախագիծն Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ստացել է երեկ՝ օրվա երկրորդ կեսին, երբ ընդդիմադիր երկու խմբակցություններն ամբողջությամբ կազմել էին հայտարարության նախագիծը: Քաղաքական մեծամասնությունը որևէ կերպ ներգրավված չի եղել հայտարարության կազմման գործընթացում: շատ ուրախ կլինեինք, եթե հնարավորություն ունենայինք ի սկզբանե զրոյից աշխատանքային խումբ ձևավորել և մեր գործընկերների հետ աշխատել նախագծի վրա:

Ամեն դեպքում փորձել ենք աշխատել մեր գործընկերեների հետ՝ ստանալու նախագծի կոնսենսուսային տարբերակ, որը չի հաջողվել: Նախագծում տեղ գտած այն թեզերն ու դրույթները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին, հակամարդկային գործողություններին. մենք այդ դրույթների հետ որևէ խնդիր չենք տեսնում: Ավելին՝ խորհրդարանական մեծամասնությունն իր բոլոր խողովակներով, և գործադիրը՝ բոլոր մակարդակներում, պայքարում են նշված խնդիրների միջազգային հանրայնացման և խնդիրների լուծման ուղղությամբ:

Այս տեսանկյունից մենք էական խնդիր չենք տեսնում, սակայն հայտարարության մեջ տեղ են գտել նաև ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներ, ընդդիմության քաղաքական նարատիվի մաս հանդիսացող մոտեցումներ, որոնք նման հայտարարության մեջ չեն կարող տեղ գտնել:

Ցավոք սրտի, մենք չենք կարողացել ընդդիմության հետ հասնել կոնսենսուսի, որ այդ ներքաղաքական բովանդակություն ունեցող ձևակերպումներն ԱԺ հայտարարության այս տեքստից հանենք: Հետևաբար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ