Հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար. Վարչապետ

Աննա Կոստանյան 6.04.2023 - 12:46
6.04.2023 - 12:46 դիտում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված՝ Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով: Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկտրական էներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված:

Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ Լեռնային Ղարաբաղի մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ: Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները, և այդ գնահատականներն առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար: Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային, դիվանագիտական ջանքերը:

Հարգելի ներկաներ,

Սիրելի ժողովուրդ,

Կառավարության նախորդ նիստին տեղեկացրի, որ Հայաստանի Հանրապետությունը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը: Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից, նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար:

Եվ, ահա, սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի՝ մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է. մասնավորապես, 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:

Մեր տրամադրվածությունը եղել է և շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը: Հույս ունեմ, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում: Համենայնդեպս, սա է մեր տրամադրվածությունը:

Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,

Սիրելի ժողովուրդ,

Համաշխարհային այս անկայուն և անորոշ միջավայում մեզ հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար: Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Շնորհակալություն»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ