Կարմրուկի վարակակիրներից 15-ը երևանաբնակ են․ փոխքաղաքապետը՝ հիվանդության ու պատվաստումների մասին

Աննա Կոստանյան 6.03.2023 - 15:42
6.03.2023 - 15:42 դիտում

Հայաստանում կա կարմրուկի հաստատված 20 դեպք։ Վարակակիրներից 15-ը երևանաբնակ են, որոնցից 5-ը՝ Երևան քաղաքի ենթակա պոլիկլինիակներում են հայտնաբերվել։

Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ հաստատված բոլոր դեպքերը եղել են չպատվաստված քաղաքացիներ։ «Պոլիկլինիակներում շաբաթ և կիրակի օրերին հերթապահություն ենք սահմանել՝ ժամը 10։00-17։00 հատվածում։ Իրականացրել ենք ակտիվ պատվաստումային գործընթաց, ինչպես նաև խորհրդատվություն ենք տրամադրել գանգատներ ունեցող քաղաքացիներին»։

Նա կարմրուկի մասին տեղեկատվություն փոխանցեց։

«Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է։ Այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։

Մեկ հիվանդը միջինում վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի ախտանիշներն են՝ բարձր ջերմություն, հարբուխ, քթահոսությում, չոր հազ, հիվանդության զարգացման 3-5-րդ օրերին նկատվում է մաշկային ցան, աչքերի բորբոքում, ըմպանացան։ Կանխարգեկման միակ և արդյունավետ միջոցը պատվաստումներն են, բայց այս պահին մինչև պատվաստումային գործընթացը լայն թափ հավաքի, խորհուրդ է տրվում այն քաղաքացիներին, որոնք չեն պատվաստվել կամ պատվաստման երկրորդ դոզան չեն ստացել՝ կրեն դիմակներ։

Մեր այն աշխատակիցները, որոնք քաղաքացիների հետ ամենօրյա շփման մեջ են՝ անպայման ևս լինենդիմակներով։ Մենք այժմ առողջապահական մեր օղակներում, որտեղ ամենամեծ ռիսկի օջախներն են, բուժանձնակազմի շրջանում, ովքեր պատվաստված չեն, պատվաստումային գործընթացն իրականացնում ենք, ինչպես նաև դիմակների կրման պայմաններն ենք ապահովում»։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե որ տարիքում են պատվաստումներն իրականացվում։ Ի պատասխան հարցին, Գևորգ Սիմոնյանը պատասխանեց, որ մինչև 4 տարեկան հասակը ստանում են 2 դոզան, բայց եթե չեն պատվաստվել՝ ուշ չէ, կարող են պատվաստվել։ «Սա այն պատվաստանյութերից է, որը գրեթե չի ունենում հետպատվաստումային բարդություններ, առօրյա կենսագործունեության վրա չի ազդում, covid-ից, հիշում ենք, որ լինում էր, երբ մարդ 2-3 օր անկողնային ռեժիմում էին լինում հետպատվաստումային շրջանում։ Այս դեպքումա յդ ռիսկը չկա։

Այսօր 17։00-ից Երևանի քաղաքապետարանի բուժկետում մենք պատվաստումային գործընթաց ենք իրականացնելու։ Մեր այն բոլոր աշխատակիցներին, որոնք պատվաստված չեն, կամ անգամ չեն հիշում՝ պատվաստված են, թե չէ՝ խորհուրդ է տրվում մեկ դոզա պատվաստում ստանալ։ Վարչական շրջաններում՝ ձեր տարածքային գրասենյակներում ևս կարող ենք կազմակերպել պատվաստումները, որ աշխատակիցներն իրենց աշխատանքից չկտրվելով ստանան այս իմունիտետը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ