Կառավարության որոշմամբ Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 6.8 տոկոսի կառավարումը նույնպես հանձնվեց ԱՆԻՖ-ին

Աստղիկ Խաչատրյան 24.08.2022 - 12:19
24.08.2022 - 12:19 դիտում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշեց, որ ԱՆԻՖ-ի մանդատներից մեկը ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է: ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021 թ. սեպտեմբերի 30-ին Կառավարությունը ստացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը՝ որպես նվիրատվություն:

«Այն ժամանակ մենք կառավարումը հանձնեցինք ԱՆԻՖ-ին կամ «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին»։ 2022 թ. մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6.8 տոկոս: Այն ժամանակ նվիրատվությունը որոշվել է գաղտնի, քանի որ նվիրատուն բիզնես գաղտնիությունը պահպանելու խնդիր է ունեցել: Երբ իրենց կողմից այդ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, արդեն մենք այդ բաժնեմասը ևս հանձնում ենք «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին» կառավարման համար»,- նշեց նա:

Վարչապետն ասաց, որ հիմնական արձանագրումն այն է, որ ՀՀ Կառավարությունն այլևս, այսինքն՝ մարտի 24-ից հետո, ունի 21.875 տոկոս բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է: «Կարծում եմ և էլի ուզում եմ ընդգծել, որ նաև նման նախընտրական խոստմամբ ես հանդես եմ եկել 2021 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Կապան քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ և ուրախ եմ արձանագրել, որ այս մի նախընտրական խոստումը նույնպես ի կատար է ածված, և հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի և՛ հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությանը,  և՛ ընդհանրապես պետական եկամուտների գեներացմանը և ընդհանուր մեր երկրի զարգացմանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ