Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Աստղիկ Խաչատրյան 13.08.2026 - 19:41
13.08.2026 - 19:41 դիտում

Մեր ընդդիմադիր գործընկերները՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, «Հայաստան» խմբակցությունը, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ մեր քննարկումներում մի հատ կարմիր թել են տանում: Մի գլխավոր բան են ասում, ասում են, որ, այ, բա երաշխավո՛րը, բա երաշխի՛քը: Այդ մասին ԱԺ-ում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը:

«Բայց ես ձեզ մի բան ասեմ, էլի, հարգելի գործընկերներ. բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ երաշխավորի… մենք գիտենք՝ դուք ում նկատի ունեք «երաշխավոր» ասելով, և Հայաստանի համար դուք ինչ երաշխավոր եք փնտրում: Եվ էս երաշխավորի թեման արտահայտված է մի շատ հետաքրքիր և զվարճալի մեմի մեջ, որն ինտերնետում շատ հաճախ հանդիպում է: Էդ մեմի մեջ, ուրեմն, պատկերված է գայլը, գայլը ձեռքը գցել է մի հատ ուրիշ պերսոնաժի ուսին, ու գրված է, ասում է՝ եթե դու մրսում ես, ես քեզ կարող եմ ուտել: Էս է ձեր երաշխավորը: Ձեր պատկերացրած երաշխավորը Հայաստանի համար էն է, որ եթե դու մրսում ես, ես քեզ կարող եմ ուտել, և խնդիրը կլուծվի, դու էլ չես մրսի»,- նշեց Կոնջորյանը:

«Եվ էդտեղ է մեր կոնցեպտուալ տարբերությունը ձեր և մյուս խմբակցության հետ, որ մենք ասում ենք, որ մենք ոչ թե, ոչ միայն մեր աշխարհագրության գերին ենք և դատապարտված ենք լինելու էստեղ և սպասելու էն փրկչին, էն երաշխավորին, որը պիտի գա, սենց, ձեռքը գցի մեր ուսերին և ասի՝ եթե դուք մրսում եք, ես կարամ ձեզ ուտեմ, չգիտեմ՝ կա՛մ գազը կտրեմ, կա՛մ, չգիտեմ, ուրիշ բան անեմ: Մենք ասում ենք, որ էդ աշխարհագրական դիրքը ունի նաև հնարավորություններ»,- ավելացրեց նա:

«Եվ էդ հնարավորությունների մասին խոսում են նաև մեր միջազգային գործընկերները: Ես միայն կարող եմ հիշեցնել եվրոպական քաղաքական համայնքի հավաքի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, որ Հայաստանը, փաստորեն, նաև էս ենթակառուցվածքային զարգացումների արդյունքում դիրքավորվում է էդ մեծ հեռանկարային խաչմերուկի վրա: Եվ էդ դիրքը, որը որ շատ ժամանակ մեզ հրամցվել է որպես դատապարտվածություն, որպես գերություն, մեզ համար դառնում է հնարավորություն: Եվ երաշխիքը դառնում է ԹՐԻՓՓ-ը, որը որ, այո, հայ-ամերիկյան բացառիկ նախագիծ է, բայց էդ բացառիկ նախագծի մեջ կան նաև այլ շահառուներ, որոնք որ ունենում են շահագրգռվածություն, որ մենք ոչ թե իրար վրա կրակենք, այլ իրար հետ առևտուր անենք: Էդ… երաշխիքը, ասենք, արհեստական բանականության գործարանն է, որովհետև Հայաստանում էդ գործարանի առկայությունը ենթադրում է, որ կան նաև այլ երկրներ և կենտրոններ, որոնք կախված են, որ Հայաստանում լինի խաղաղություն, բարեկեցություն, ներդրումներ: Էդ արհեստական բանականության գործարանի երաշխիքը նաև էն է, որ միջազգային ներդրողները դիրքավորվելու են դեպի Հայաստանը, երբ որ տեսնեն, որ Հայաստանում ստեղծվում են էնպիսի բացառիկ նախագծեր, որոնք որ ստեղծում են նաև միջավայրեր: Քանի որ դուք բոլորդ եկել եք մեծ բիզնեսից, հարգելի գործընկերներ, դուք դա պիտի հասկանաք:

Էդ երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է, որի արդյունքում Հայաստանը դառնում է միջազգային գործընկերների համար ավելի կանխատեսելի երկիր, ներդրումների համար ավելի կանխատեսելի երկիր: Եվ էդ բոլոր քաղաքականությունների հիմքում, հարգելի գործընկերներ, դրված է մեր պետական քաղաքականությունը, որից նաև բխում է մեր արտաքին քաղաքականությունը: Եվ էդ պետական ու արտաքին քաղաքականության հիմքը, որի մասին ես խոսեցի նաև երեկ, Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է: Եվ այդ Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որ ասում է, որ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, մեր տարածքից դուրս որևէ տարածքային հավակնություն չունենք: Եվ դա 180 աստիճանով տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի տեսլականից, որն ասում է, որ մենք չպետք է բավարարվենք մեր 29743 քառակուսով:

Եվ էդ Իրական Հայաստանի տրամաբանության մեջ է, որ մենք նաև ի՞նչ ենք ասում արտաքին քաղաքականության մեջ. մենք ասում ենք, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պիտի ամրապնդի մեր անկախությունը: Եվ ասում ենք՝ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է: Որովհետև երբ որ դու քչերից ես կախված, դու տանում ես, բոլոր ձվերը դնում ես նույն զամբյուղի մեջ, և այդ քչերը կամ էդ միակը մի օր վերցնում է էդ զամբյուղը և ասում է՝ ես գնացի, հաջող, կամ ասում է՝ եթե մրսում ես, ես քեզ կուտեմ: Ձեր ճաշակի համաձայն՝ ոնց կուզեք՝ տենց հասկացեք: Եվ դրա համար ենք մենք դիվերսիֆիկացնում մեր արտաքին քաղաքականությունը, մեր էներգետիկ քաղաքականությունը, մենք գնում ենք էդ ճանապարհով:

Կամ եկել են, չգիտեմ, «Հայաստան» դաշինքից մեկն ասում էր՝ բա պատմական արդարությո՛ւնը, բա պատմական արդարությո՛ւնը… Ո՞րն է պատմական արդարությունը: Ամենամեծ պատմական արդարությունն էն է, որ Հայաստանը լինի խաղաղ: Ամենամեծ պատմական արդարությունն էն է, որ Հայաստանի ժողովուրդը, հայ ժողովուրդը, որը ցեղասպանվել է, ջարդվել է, ապրի խաղաղ: Դա է ամենամեծ պատմական արդարությունը: Պատմական արդարությունը ապրողների և նոր ծնվողների լավ կյանքն է, ոչ թե մեր անցյալի դժբախտությունները անընդհատ վերապրելն է: Պրոբլեմը մեր ու ձեր էդ է, որ դուք ուզում եք գնաք և կանգնեք նույն էդ կոտրած, էդ նույն փոցխի վրա: Մենք ասում ենք, որ ամենամեծ պատմական արդարությունը էս տարածաշրջանում լավ, զարգացած և, այո, ուժեղ Հայաստան ունենալն է, բայց էդ ուժեղ Հայաստանը հնարավոր չէ առանց Իրական Հայաստանի: Դուք չեք կարող ստանալ ուժեղ Հայաստան՝ առանց Իրական Հայաստանը ընդունելու: Հնարավոր չէ: Որովհետև ձեզ չեն թողնելու, որովհետև էս աշխարհում մենք մենակ չենք, որովհետև մենք չենք կարող առանց ինքնաճանաչողության, ինքներս մեզ ընդունելու ստիպենք, որ աշխարհը մեզ ընդունի: Չի լինում տենց ուղղակի: Որովհետև մենք մենակ չենք էս աշխարհում, մենք մենակ չենք: Մենք պիտի դադարենք ապավինել չգիտեմ՝ արդարությանը, բարեգթությանը, արդարամտությանը: Դուք էիք, չէ՞, նաև ասում, որ արդարամիտ չեն: Այո, իսկ ո՞վ ասաց, որ պիտի լինեն արդարամիտ: Բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, և միջազգային հարաբերությունները, շատ կոպիտ ասած, նման են շուկայի: Եվ էդ շուկայում բոլորը գալիս են, պետությունները, ինչ-որ բան առնելու, ինչ-որ բան ծախելու: Եվ եթե դու չունես ծախելու բան, եթե դու չունես ծախելու ապրանք, դու դառնում ես ապրանք, որ ուրիշները քեզ ծախեն: Եվ մենք ասում ենք, որ մենք թույլ չենք տալու, որ Հայաստանը դարձնեն ապրանք, ինչպես որ դարձրել են ապրանք էդ աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին դնելու և վաճառելու համար: Մենք ասում ենք, որ մենք բան ունենք տալու էս աշխարհին: Մենք ասում ենք, որ մենք բան ունենք, և էդ բանը շատ կարևոր է և շատ արժեքավոր է: Եվ սա է պատմական արդարությունը: Պատմական արդարությունն էն է, որ Հայաստանի ժողովուրդը սեփական երկրում ապրի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ, ուժեղ, և դա է պատմական արդարությունը: Եվ հենց էդ պատմական արդարության ճանապարհով ենք մենք գնում»,- նշեց Կոնջորյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ