Արցախի տնտեսությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ նվազել են պետբյուջեի հարկերն ու տուրքերը

4.03.2023 - 16:11 դիտում

Արցախի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 4,023.9 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 5,300.0 մլն  դրամ ցուցանիշի նկատմամբ թերակատարվել է 24,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 18,6 տոկոսով:

Թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել:

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 83-րդ օրվա վիճակագրական տվյալները.

  • 9 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  • Արդեն 318 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
  • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 770 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 144 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
  • 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ