Առաջիկայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորություն կա. Միրզոյան

Աննա Կոստանյան 22.03.2023 - 17:59
22.03.2023 - 17:59 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե արդյոք նախարարի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ քննարկվել է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև եռակողմ հանդիպման առաջարկ:

«Կհիշեք՝ կարծում եմ՝ անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին նախատեսված էր այդպիսի եռակողմ հանդիպումը. հանդիպումը պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց մենք հետաձգեցինք մեր մասնակցությունը այդ հանդիպմանը, որովհետև Լաչինի միջանցքը ապօրինի փակվել է Ադրբեջանի կողմից, և ԼՂ-ում շատ սուր և՛ սննդամթերքի, և՛ դեղորայքի, և՛ առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք կար»,- ասաց Միրզոյանը:

Նախարարի խոսքով՝ ներկայումս բանակցություններն ընթանում են հեռավար, փոխանակվում են մեր առաջարկները, մեր պատկերացումները խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, բայց ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է վերսկսվեն ֆիզիկական հանդիպումները և քննարկումները:

«Այո՛, այդ թեման քննարկվել է Մոսկվայում, և այդ հանդիպման հնարավորություն առաջիկայում կա»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Պատգամավորը նաև խնդրեց ամփոփել Մոսկվա կատարած այցը, արդյո՞ք կան պայմանավորվածություններ, հայկական կողմն ակնկալո՞ւմ է կոնկրետ գործողություններ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ:

«Իմ գնահատականն այցի վերաբերյալ միանշանակ է. բավականին կառուցողական, անկեղծ խոսակցություն տեղի ունեցավ իմ և նախարար Լավրովի միջև, և արդեն ընդլայնված կազմերով պատվիրակությունների հանդիպման, բանակցությունների ընթացքում իսկապես կառուցողական քննարկում տեղի ունեցավ:

Անդրադարձել ենք ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցերի: Մենք ներկայացնել ենք վերջին զարգացումները. անշուշտ ես ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ենթադրվող գործողություններին, ապա, իհարկե, ակնկալում ենք:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ երեք երկրներ ստորագրել են տեքստ, որտեղ պայմանավորվել են այն մասին, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանն այնտեղ երաշխավորում է այդ միջանցքով երկկողմ երթևեկությունը, և ահա այս երկու երկրներն անելիքներ ունեն բացելու ուղղությամբ. Ադրբեջանը պետք է ապահովի, և ՌԴ-ը պետք է վերահսկի այնպես, ինչպես դա գրված է հայտարարության մեջ»,- ասաց ԱԳ նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ