Ադրբեջանի իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու համար․ ՄԻՊ

Աննա Կոստանյան 17.08.2021 - 14:25
17.08.2021 - 14:25 դիտում

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքի էջում գրել է․ «Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար:

Պետք է հաշվի առնել կոնտեքստը և առնվազն այն փաստերը, որ ադրբեջանական զինված ուժերը՝

1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.

2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ֆիզիկապես ներկա են այն տարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են (տներ, խոտհարքեր, վարելահողեր արոտավայրեր).

3. պարբերաբար կրակում են գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքին և առողջությանը, վնաս են պատճառում մարդկանց գույքին և կենդանիներին.

4. զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ հանցավոր արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.

5. գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը.

6 հրահրում են հրաձգություններ, որոնք դադարում են միայն ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ միջոցների արդյունքում: Այսինքն՝ ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

Այս ամենին գումարվում է այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքներն ուղղված են սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների վրա միջազգային իրավունքով արգելված ազդեցություն գործադրելուն:

Այս փաստերն ու հիմնավորումները կուղարկվեն միջազգային կառույցներին»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ