Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է անհապաղ դուրս բերվի ՀՀ տարածքից. ԵԽ պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել օգտագործել բոլոր լծակները

Աստղիկ Խաչատրյան 19.11.2021 - 22:20
19.11.2021 - 22:20 դիտում

Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ կոչ անելով օգտագործել բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ պատգամավորները նամակում են հիշեցրել են, որ Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 16-ին հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով:

«Որպես Եվրախորհրդարանի անդամներ՝ մենք դատապարտում ենք ադրբեջանական հարձակումը և ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, ինչը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունը և լրջորեն վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն Հայաստանի տարածքից»,- ասված է նամակում:
Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ խորապես ցավում են հարձակման հետևանքով մարդկային կորուստների համար։ Նրանք շեշտել են՝ Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավային շրջաններում բնակչության անվտանգությունը, խաղաղ, բնականոն կյանքը և մարդու իրավունքները ոտնահարելուն ուղղված ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն պետք է անհապաղ դադարեցվի։

«Կոչ ենք անում ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանը օգտագործել իր բոլոր լծակները՝ կասեցնելու և կանխելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, ինչպես նաև ռազմատենչ հռետորաբանությունը»,- շեշտել են ԵԽ պատգամավորները:

17 պատգամավորների թվում են Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, կիպրացի պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն, գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը, հույն պատգամավոր Եվա Կաիլին և այլք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ