ԱՄՆ-ն շուրջ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ԱԱԾ սահմանապահ զորքերին

23.10.2026 - 11:06 դիտում

Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Արարողությանը մասնակցել են անվտանգության աջակցության ծրագրերի գծով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնը, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Ռոման Սահակյանը։

Նվիրատվությունը կատարվել է ԱՄՆ պետքարտուղարության արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության (EXBS) ծրագրի կողմից։ Այն կնպաստի Հայաստանի սահմանապահ ծառայության արդիականացմանը, սահմանային անվտանգության ամրապնդմանը և մարդկանց ու ապրանքների անվտանգ տեղաշարժի բարելավմանը։

«Այս աջակցությունն արտացոլում է Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությունը՝ ամրապնդելու Հայաստանի սահմանային կառավարման կարողությունները և աջակցելու տարածաշրջանային փոխկապակցվածությանը, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին»,- ասվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ