35-ամյա տղամարդը պայմանավորվածություն է ձեռք բերել Իրանի քաղաքացուն օժանդակելու թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվել

Աննա Կոստանյան 3.05.2022 - 17:21
3.05.2022 - 17:21 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ 35-ամյա տղամարդը, ծանոթանալով ԻԻՀ քաղաքացու հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել օժանդակել վերջինիս՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու հարցում:

Այնուհետև՝ 2020 թ. դեկտեմբերի 21-ին, 35-ամյա հիշյալ տղամարդը, պայմանավորվածության համաձայն, Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղում ապօրինի ձեռք է բերել ընդհանուր 5766 գրամ քաշով «Ափիոն», 995 գրամ քաշով «Մեթամֆետամին» և 751,27 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են տղամարդու կողմից շահագործվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում՝ Արտաշատ քաղաք փոխադրելու նպատակով:

35-ամյա տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել, քանի որ ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, և կատարված խուզարկությամբ հիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել ու առգրավվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվե՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 (Հանցափորձը), 38 (Հանցակիցների տեսակները) – 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ