35-ամյա բնակիչը ձերբակալվել է Թումանյան փողոցում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Աննա Կոստանյան 20.11.2021 - 16:51
20.11.2021 - 16:51 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են միջոցառումներ՝ նախօրեին Երևան քաղաքի Թումանյան փողոցում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2021 թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ծառայություն իրականացնելիս, Թումանյան-Կողբացու փողոցների խաչմերուկի հարևանությամբ ավտոմեքենան չթույլատրված վայրում կայանելու համար Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ վարչական իրավախախտումն արձանագրելու նպատակով, մոտեցել են վերջինիս, պատշաճ կարգով պարզաբանել նրա արարքի հակաիրավական բնույթը և պահանջել տարհանել ավտոմեքենան:

Վերջինս, չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն գործադրելու սպառնալիքով, հայհոյել է, ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին և դիմել փախուստի, սակայն փախուստի ժամանակ բռնվել, բերման է ենթարկվել և նույն օրը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ոստիկանության հիշյալ աշխատակիցները ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ