Մեղադրանք է առաջադրվել Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենին․ ներկայացվել է կալանավորելու միջնորդություն

Աննա Կոստանյան 20.11.2021 - 16:11
20.11.2021 - 16:11 դիտում
ՀՀ Շիրակի մարզի դատախազության հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ա․ Ա․-ն, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։
Մասնավորապես, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն բուժհաստատության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատոր Հ․ Կ․-ի հետ, ղեկավար պաշտոնով պայմանավորված իր դիրքը և հեղինակությունն օգտագործելու եղանակով 2021թ. սեպտեմբեր ամսին, չպարզված օրը, վերջինիս հանձնարարել է կազմել և տրամադրել իր աշխատասենյակ եկած, գործով դեռևս չպարզված 6-7 անձի վերաբերյալ COVID-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ։
Հ․Կ․-ն, տալով իր համաձայնությունը նշված անձանց օգտին իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ, պաշտոնեական փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ ու ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը դրել է շրջանառության մեջ։ Այդ գործողությունների հետևանքով փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ, նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ:
Բացի այդ, «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենը բուժկենտրոնում հաշվառված և նշված ընկերությունից հոգեմետ դեղորայքներ ստացող անձի կողմից չօգտագործված և նրա մահվանից հետո՝ 2019թ. հոկտեմբերի 31-ին, վերջինիս ազգականի կողմից վերադարձված 40 սրվակ և 15 դեղապատիճ «Տրամադոլ» տեսակի դեղորայքից, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պահել է առանձնապես խոշոր չափերով՝ 30 սրվակ՝ ընդհանուր 60 գրամ քաշով հոգեմետ նյութ։ Այն հայտնաբերվել և վերցվել է 2021թ. հոկտեմբերի 12-ին վերջինիս աշխատասենյակում կատարված խուզարկությամբ։
19.11.2021 թ. որոշում է կայացվել Ա․ Ա․-ին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցներին։
Նույն օրը բուժհաստատության տնօրենը ձերբակալվել է։ Որոշում է կայացվել նրան ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
20.11.2021 թ. միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Նշված քրեական գործով տարբեր անձանց վերաբերյալ COVID-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ կազմելու և տրամադրելու, այդ գործողություններին օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նշված բուժկենտրոնի ընդհանուր ևս 9 աշխատակից, որոնցից 2-ը կալանավորված են։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ