«Տաշիր պիցցա»-ն փակ կմնա այնքան ժամանակ, մինչև հստակ կպարզվի թունավորումների հիմնական աղբյուրը. ՍԱՏՄ

Աննա Կոստանյան 10.11.2021 - 18:19
10.11.2021 - 18:19 դիտում

«Տաշիր Պիցցա»-ում թունավորման դեպքերի հետ կապված մատակարարների մոտ վերահսկողություն է իրականացվում։ Անհրաժեշտ նմուշներ կան նաև մատակարարող կազմակերպություններից։ Պատասխանները կհամադրվեն, կտրվի եզրակացություն, ինչից հետո նոր քայլեր կձեռնարկվեն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը։

Վահե Դանիելյանը վստահեցնում է, որ նմուշների արդյունքները երկար սպասեցնել չեն տա։ «Ինձ թվում է մինչև շաբաթվա վերջ արդեն կունենանք որոշակի պատասխաններ, որովհետև մինչև երեկվա դրությամբ դեռ մենք նմուշառումներ էինք իրականացնում, անհրաժեշտության դեպքում նմուշառումներ վերցնելը կարող է շարունակական բնույթ կրել»,- նշեց Դանիելյանը։

Դանիելյանի խոսքով՝ մատակարար ընկերության գործունեությունը կկասեցվի, իսկ սննդամթերքի խմբաքանակը կոչնչացվի միայն այն ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի, նման դեպքում ՍԱՏՄ-ն հայտարարությամբ առաջինը հանդես կգա։

ՍԱՏՄ վարչության պետը նշում է, որ ըստ էության, տնտեսվարող սուբյեկտի պատասխանատուն՝ տնօրենը, հանդիսանում է թունավորման գլխավոր պատասխանատուն, եթե չունի դրա համար նշանակված հատուկ պատասխանատուներ։

«Տաշիր պիցցա» ՍՊ ընկերությունն այս պահին գործունեություն չի իրականացնում. սննդի կետի գործունեությունը կասեցված կմնա այնքան ժամանակ, մինչև որ ՍԱՏՄ կողմից տրված հանձնարարակաները կկատարվեն, հստակ կպարզվի  թունավորումների հիմնական աղբյուրը։

«Արմենպրես»-ը փորձեց կապվել, նաև, թռչնամիս մատակարարող Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ և «Տաշիր պիցցա» ՍՊ ընկերությունների հետ, սակայն նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց։

Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ ընկերությունը, որը հանդիսանում է  «Տաշիր պիցցա» ՍՊ ընկերության թռչնամիս մատակարարողը, 2015 և 2017 թվականներին ունեցել է մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ:

«Տաշիր պիցցա» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կազմակերպություններում, լաբորատոր հետազոտությունների նպատակով, իրականացվել է շրջակա միջավայրի և սննդամթերքի ու կենսանմուշների նմուշառում:

Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված՝ մանրէաբանական ցուցանիշներով իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքներով՝ սահմանված նորմերին չեն համապատասխանում՝

  1. թռչնի մսով պատրաստված «Կեսար» աղցանը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով,
  2. թռչնի խաշած միսը՝ ԱՑԽՄ, սալմոնելաներ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով,
  3. Հազարը (մարոլ)՝ ԱՑԽՄ և սալմոնելաներ ցուցանիշներով,
  4. Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով:

Համադրելով ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը՝ ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են սկսել նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզը արտադրող («Հայր եվ որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։

2021 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, որի ընթացքում հիվանդացած 179 անձանցից 35-ը 0-18 տարեկան են: Պացիենտներն օգտվել էին «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի տարբեր մասնաճյուղերից: 

Հիվանդներից 82-ը հոսպիտալացվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում», 76-ը՝ «Արմենիա» ԲԿ-ում, 12-ը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում», 1-ը՝ «Արարատի» ԲԿ-ում, 2-ը՝ «Մարտունու» ԲԿ-ում, 4-ը՝ «Աբովյանի» ԲԿ-ում և 2-ը՝ «Իջևանի» ԲԿ-ում: 09.11.2021թ. դրությամբ՝ հիվանդանոցներից դուրս է գրվել 111 հիվանդ, ստացիոնար բուժում ստանում են 64-ը, որից 26-ը՝ մինչև 18 տարեկան:     

Դեպքին անմիջապես արձագանքել են թե՛ ԱՆ ՀՎԿԱԿ, թե՛ ՍԱՏՄ տեսուչներն ու մասնագետները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ