ՊԵԿ նախկին նախագահի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով 2 պաշտոնյա չարաշահել են լիազորությունները․ դատախազություն

Աննա Կոստանյան 10.05.2023 - 18:39
10.05.2023 - 18:39 դիտում

Տ.Բ.-ն, 2009 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մայիսի 17-ը լինելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, իր վերադասի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի ազգականներին նյութական օգուտ տալու նպատակով, ապահովել է, որ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ 372 մլն 897 հազար 900 դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՊԵԿ-ում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերը շուկայականից էապես՝ 34 մլն 328 հազար 964 դրամով ցածր գնով, վաճառվեն ՊԵԿ նախագահ Գ.Խ.-ի քրոջ և եղբոր որդիների մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը: Միաժամանակ, «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերության հետ 2012 թվականի հուլիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագրում ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը չներառելու հետևանքով, ՊԵԿ նախագահի տեղակալ Տ.Բ.-ն ապահովել է, որ «Մոնդո դի Մոբիլի» ՍՊ ընկերությունն ազատվի 5 մլն եվրոյին համարժեք 2 մլրդ 624 մլն դրամ ներդրում կատարելու պարտավորությունից:

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի հետևանքով պետությանը պատճառվել է 34 մլն 328 հազար 964 դրամի նյութական վնաս:

Դրանից բացի, Տ.Բ.-ն, տեղեկանալով, որ Գ.Խ-ի ազգականի կողմից հիմնադրված և փաստացի կառավարվող, արտերկրում գրանցված «Բրեդվել Ինվեսթմենթ Քորփ» ընկերությունը 6 մլն ԱՄն դոլարի չափով փոխառություն է տրամադրել «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը, դրա վերադարձը ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, խախտելով «Հարկերի մասին» օրենքի պահանջները, Նոր Նորքի հարկային տեսչության պետ Վ.Ս.-ին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել և վերացնել «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության գույքերի՝ Խանջյան 29 շենքի 67 միավոր անշարժ գույքերի և Վարդանանց 69 շենքի վրա դրված արգելանքները, որոնք սահմանվել էին Ընկերության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու համար:

Նոր Նորքի հարկային տեսչության պետը, նշված ապօրինի հանձնարարության հիման վրա, 2014 թվականի նոյեմբերի 11-ին Տեսչության աշխատակցի միջոցով կազմել է «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության գույքերի վրա դրված արգելանքները վերացնելու վերաբերյալ ապօրինի գրություն, որից հետո այն իր ստորագրությամբ հաստատել, կնիքել և ուղարկել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե. Արդյունքում վերը նշված գույքերի նկատմամբ կիրառված արգելանքները վերացվել են:

Արգելանքներն ապօրինի վերացնելուց հետո, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության հետ փոխկապակցված «Ուրմ» ՍՊ ընկերության անունից նշված անշարժ գույքերը 2014 թվականի դեկտեմբերի 17-ին գրավադրվել են «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունում: Դրանց դիմաց տրամադրվել է 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որից 3 մլն 950 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 մլրդ 718 մլն 250 հազար գումարը 2014 թվականի դեկտեմբերի 19-ին փոխանցվել է «Բրեդվել Ինվեսթմենթս Քորփ» ընկերությանը։ «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության հարկային պարտավորություններն այդպես էլ չեն կատարվել:

Վերոնշյալ դիտավորյալ գործողությունների հետևանքով պետական բյուջեի հանդեպ առանձնապես խոշոր չափերի պարտավորություններ ունենալու պայմաններում, «Լևոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությունը փաստացի հնարավորություն է ստացել տնօրինել նշված գույքերը, որի հետևանքով արգելանքից հանված գույքերը կրկին ծանրաբեռնվել են գրավով ապահովված պարտավորությամբ՝ 6 մլն ԱՄՆ դոլարի չափով, միջոցներ չեն ձեռնարկվել առանձնապես խոշոր չափերով՝ 88 մլն 462 հազար 355 դրամի հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

Պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու համար դատախազական խմբի ղեկավարի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Տ.Բ-ի (երկու դրվագ) և Նոր Նորքի հարկային տեսչության պետ Վ.Ս-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. 2023 թվականի մայիսի 3-ին հսկող դատախազների խմբի ղեկավարի որոշմամբ՝ մեղադրական եզրակացությունը հաստատվել և քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ