Միշուստինը «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրի համար շնորհակալություն է հայտնել Տիգրան Սարգսյանին

Աննա Կոստանյան 5.02.2021 - 12:41
5.02.2021 - 12:41 դիտում

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրի համար շնորհակալություն է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախկին նախագահ, Եվրասիական զարգացման բանկի Կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միշուստինն այս մասին ասել է «Almaty Digital Forum 2021»-ին ունեցած իր ելույթում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին` Նիկոլայ Պոդգուզովին, Տիգրան Սուրենի Սարգսյանին, այսպիսի արագ և ակտիվ աշխատանքի համար»,- ասաց Միշուստինը:

ՌԴ վարչապետը նշեց, որ ծրագրին միացել են արդեն Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրան կմիանան նաև Ղազախստանն ու Ղրղզստանը:

«Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն մեկնել Ռուսաստան, պետք է ներբեռնեն բջջային հավելվածը iOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնեն Covid-19 թեստ։ Երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը, թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ