Մարմնական վնասվածք` մահվան ելքով Գյումրիում

Աննա Կոստանյան 14.03.2022 - 18:48
14.03.2022 - 18:48 դիտում

Մարտի 5-ին ոստիկանները Գյումրի քաղաքի Մելիք-Սարգսյան փողոցի տներից մեկում 63-ամյա տանտիրոջը մահացած գտան: Դին հյուրասենյակում էր: Տղամարդու գլխին քերծվածքներ ու արնանման հետքեր կային: Կատարվածի մասին տեղացիները չէին ահազանգել: Դեպքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Կումայրիի բաժնում ստացվել էր արտերկրից: Մահացածի եղբայրն էր ահազանգել ու խնդրել, որ Մելիք-Սարգսյան փողոց ոստիկաններ մոտենան:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել է մահացածի եղբորորդին, որը նույն փողոցի բնակիչ էր՝ 38 տարեկան։
Կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին:
Պարզվել է՝ մարտի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, նա ոգելից խմիչքի ազդեցության տակ ծեծել էր հորեղբորը, որն էլ գլխի վնասվածքների հետևանքով մահացել էր:
38-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք, ձերբակալվել, ապա կալանավորվել է:
Հանգամանքները պարզվում են։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ