Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 6-ի նիստին քվեարկության դրվեցին օրակարգում ընդգրկված և քննարկված երկու նախագծեր:
Ըստ այդմ՝ 62 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին նախագիծը, որով նախատեսվում է մեկ խորհրդանշական օրով ընդգծել հանրային ծառայողի առանցքային դերը պետական կառավարման արդյունավետության բարձրացման և հանրային շահի սպասարկման գործում:
Եկեղեցու հետ առնչվող խնդիրները քննարկելու համար քվեարկության դրվեց «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ նախագիծը:
Այս նախագիծը ևս ընդունվեց 62 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Այսօր՝ 16:30-ին, Ազգային ժողովում կլինի հայտարարությունների ժամ:
Վաղը՝ 16:30-ին, տեղի կունենա Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան:
