Ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, հակառակ դեպքում Ադրբեջանը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին իրենց զինծառայողի կորելու մասին. Ռուբինյան

6.10.2026 - 15:40 դիտում

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Շաքի բնակավայրում տեղի ունեցած իրադարձություններին, ապա շերտ առ շերտ վերլուծեց այն:

Ռուբինյանի խոսքով՝ անցած տարիներին եղել են դեպքեր, երբ հայ-ադրբեջանական սահմանը երկու կողմից՝ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, հրամանի բացակայության պայմաններում, հատել են զինծառայողներ՝ այս կամ այն պատճառով:

«Էդպիսի դեպքերը եղել են բազմաթիվ: Հիմնականում նման դեպքերում և վերջին շրջանում, երբ հաստատված է խաղաղություն, կողմերը միմյանց վերադարձրել են միմյանց զինծառայողներին, բացառությամբ էն դեպքերի, երբ այդ զինծառայողները չեն ուզել կամ գործ ենք ունեցել հանցագործության հետ: Հիմա այս դեպքում նույնպես պետք է պարզվի՝ այդ զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել Հայաստանի տարածքում՝ այսինքն՝ դասալիք է, թե մոլորվել է: Ենթադրում եմ՝ մոլորվել է, բայց դա զուտ ենթադրություն է, սակայն ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, որովհետև եթե գործ ունենայինք դիվերսիայի հետ, ադրբեջանական կողմը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին, որ, գիտեք, մեր մոտից զինծառայող է կորել, կարո՞ղ է ձեր մոտ է հայտնվել:

Ակնհայտ է, որ դիվերսիայի դեպքում այդպես չէին անի, հետևաբար, լավ լուրն այն է, որ գործ չունենք նպատակաուղղված՝ Ադրբեջանի կողմից դրդված ներխուժման հետ: Գործ ունենք անհատ զինծառայողի՝ ՀՀ սահմանն ապօրինի հատելու հետ, դեռ կպարզվի՝ ոնց»,- ասաց ԱԺ նախագահը:

Հաջորդ շերտը, ըստ նրա, այն է, որ հատելուց հետո տվյալ զինծառայողը կատարել է ակնհայտ հանցագործություն, որովհետև մտել է տուն, կրակել մարդկանց վրա:

«Սա հանցագործություն է, և դրա համար զինծառայողը ձերբակալված է, և առաջադրված է մեղադրանք: Ես չեմ հասկանում՝ ընդդիմությունն ինչի հետ է կռվում, գոյություն չունեցող կարծիքի հետ է կռվում, հարցեր են տալիս՝ որն է ձեր քաղաքական գնահատականը: Կարծես այլ քաղաքական գնահատական կարող էր լինել, քան այն, որ մարդու տան մեջ մտնել-կրակելը վատ բան է, ինչի մասին է խոսքը»,- նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ հիմա պետք է գործի ՀՀ արդարադատությունը:

«Մեղադրանքը առաջադրված է, և ամեն ինչ պետք է իր հունով գնա»,- ասաց նա:

Հաջորդ շերտը, ըստ նրա, այն է՝ ինչպես են գործել մեր պատկան մարմինները՝ առաջին շերտը՝ ՊՆ-ն կամ ԳՇ-ն, երկրորդ շերտը՝ մեր ներքին ուժերը՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն:

«Դա կարելի է քննարկել, կարելի է քննարկել նաև հարցը՝ ռազմավարական կամ մարտավարական առումով՝ արդյոք նման դեպքերում բնակչության զգուշացումը լավ, օգտակար բան է, թե չէ, որն է ավելի շատ վնաս, որը՝ օգուտ: Վստահ եմ՝ հիմա հետադարձ հայացքով պատկան մարմինները պետք է քննարկեն, հասկանան՝ ճիշտ է արվել, թե չէ»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով վերջին՝ խաղաղության շերտին, ասաց՝ իր մոտ տպավորություն է, որ ընդդիմադիր գործընկերները ուրախ են, որ նման իրադարձություն է տեղի ունեցել:

«Վերջապես, իրենց ձեռքին հայտնվել է կռվան, որ ասեն՝ է՞ս է ձեր խաղաղությունը: Բայց ուզում եմ կրկնել՝ տվյալ դեպքում սուբյեկտը ոչ թե Ադրբեջանն է, այլ Ադրբեջանից իր զինվորական ծառայության վայրը ապօրինի լքած, հետո ապօրինի կերպով մեր տարածքում հայտնված ու հանցագործություն կատարած անձը»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա ապօրինի հատած լիներ ՀՀ սահմանը։

Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպք է գրանցվել։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը կալանավորվել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ