Չենք կարծում, թե կմիանանք այդ նախաձեռնությանը, սակայն քննարկում չի եղել. Հակոբյանը՝ ընդդիմության կողմից քննիչ հանձնաժողվի ստեղծման մասին

6.10.2026 - 12:50 դիտում

Այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանից ընդդիմության նախաձեռնության՝ բանակում մահացությունների ու Շաքիի դեպքերի վերաբերյալ հանձնաժողով ձևավորելու մասին, հարցրեցին՝ արդյո՞ք հարցը քննարկվել է խմբակցության նիստին:

Ի պատասխան՝ Հակոբյանը հայտնեց՝ քննարկում չեն ունեցել:

«Պատգամավորների լիազորությունների տիրույթում է քննիչ հանձնաժողով ստեղծելը: Ստեղծելու մասին ընթացակարգեր կան, թող անեն»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե ստեղծելու համար անհրաժեշտ են իշխող խմբակցության քվեները, ասաց՝ չի կարծում, թե կմիանան այդ նախաձեռնությանը:

«Բայց քննարկում չենք ունեցել»,- հայտարարեց Հակոբյանը:

Ճշտող հարցին՝ արդյոք չմիանալը չի նշանակում բանակում տեղի ունեցող մահերի կոծկման փաստ, ասաց՝ այդ հանգամանքը բացահայտվում է իրավասու մարմինների կողմից:

«Դրանց համար կան պետական մարմիններ: Քննիչ հանձնաժողովը չպետք է բացահայտի, օրինակ՝ ինքնասպանությունները ինչի հետևանք են կամ դրանք ինքնասպանություններ են, թե սպանություններ: Քրեական գործեր կան հարուցված»,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի՝ չի կարծում, թե քննիչ հանձնաժողովի ստեղծումը կարող է արդյունավետ լինել:

«Բանակի հետ կապված խնդիրների դեպքում կան իրավասու մարմիններ, իրականացվում են բարեփոխումներ, իսկ եկեղեցում այն մարմինները, որոնք դրանք իրավասու են ներկայացնել, չեն ցանկանում իրականացնել, որովհետև իրենց ձեռնտու չի դա»,- պարզաբանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը՝ ի պատասխան լրագրողների հարցերի:

Նրա խոսքով՝ բանակի բարեփոխումների գործընթացը շարունակական է, բանակում սպառազինությունների համալրում է տեղի ունենում, ամրաշինական կառույցներ են ավելանում:

«Շփման գիծը երկարել է, մենք չենք ասում՝ բանակում խնդիրներ չկան, հակառակը, ասում ենք՝ խնդիրներ կան, ու դրանք պետք է լուծում ստանան»,- ընդգծեց Հակոբյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ