Քաղաքական գնահատականը հետևյալն է՝ տեղի է ունեցել հանցագործություն. Ռուբինյանը՝ Շաքիում տեղի ունեցածի մասին

6.10.2026 - 12:44 դիտում

Տիկի՛ն Ղահրամանյան, ձեր քաղաքական ուժը ռեկորդներ է սահմանում՝ գոյություն չունեցող բաների դեմ պայքարելով: Այսինքն՝ ինչ քաղաքական գնահատական եք ակնկալում, որը, ըստ ձեզ, ես չպիտի տայի, դուք էլ հարցը տալիս եք, որ ինձ նեղեք: Իհարկե, տեղի ունեցածը հանցագործություն է: Այսպես պատասխանեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին, որը հետաքրքրվում էր՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Ռուբինյանը, որպես խաղաղության գործընթացը խնամող ուժի ներկայացուցիչ, քաղաքական հստակ դիրքորոշում արտահայտել Շաքիում տեղի ունեցած դեպքի առնչությամբ:

«Բա մարդը եթե մտնում է մեկի տուն, կրակում է, դա հանցագործություն է: Նկատե՞լ եք, որ մեղադրանք է առաջադրված, ձերբակալված է, նկատե՞լ եք դա: Ըստ ձեզ՝ մենք պետք է ա՞յլ գնահատական տայինք սրան: Բացի դրանից, եթե ուզում ենք գնահատել դեպքը, թե ինչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել հետևյալը՝ ապօրինի սահմանահատում, էդ ընթացքում ադրբեջանական կողմը տեղեկացրել է հայկական կողմին, ինչը լավ է, և տեղի է ունեցել մնացածը՝ հանցագործությունը:

Այո՛, սա վատ իրադարձություն է, բայց էստեղ մի լավ լուր կա՝ ընդամենը մեկ լավ լուր, որ սուբյեկտը, որի մասին խոսում ենք, ադրբեջանցի զինվորն է, որը ինքը, ըստ երևույթին, Ադրբեջանի օրենքներ է խախտել, բացի Հայաստանի օրենքը խախտելուց, այսինքն՝ ապօրինի կերպով լքել է իր զինծառայության վայրը և եկել է այստեղ, այսինքն՝ սուբյեկտը մասնավոր զինվորն է, որը հանցագործ է»,- հայտարարեց Ռուբինյանը:

Ի պատասխան՝ Ղահրամանյանը պնդեց՝ ինքն ակնկալում է լսել քաղաքական գնահատական, այլ ոչ թե իրավականը:

ԱԺ նախագահը, արձագանքելով, նկատեց՝ տպավորություն է, թե նրան հարցերը գրում, տալիս են, բայց չեն գրում՝ արձագանքից հետո ինչ պետք է ասել:

«Քաղաքական գնահատականը հետևյալն է՝ տեղի է ունեցել հանցագործություն՝ Հայաստանի սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի կողմից: Արդյո՞ք վատ է, որ հանցագործություն է տեղի ունեցել, իհարկե, շատ վատ է: Արդյո՞ք սա նշանակում է, որ սա ընկալումներում կարող է վատ ընկալվել, այդ թվում՝ խաղաղության տեսանկյունից, այո, արդյո՞ք լավ է, որ ադրբեջանական կողմը, հենց որ տեսել է, որ իրենց զինծառայողը կորել է ու ենթադրել է, որ կարող է ներխուժած լինել Հայաստան, տեղեկացրել է հայկական կողմին, այո՛, շատ լավ է:

Եթե խաղաղություն չլիներ, դա տեղի չէր ունենա: Այսինքն՝ եթե խաղաղություն չլիներ, ադրբեջանական ու հայկական կողմերը երբեք իրար չէին տեղեկացնի, որ, գիտեք ինչ կա, մեր մոտից զինվոր է կորել, կարո՞ղ է՝ ձեզ մոտ է, ու չէին փնտրի: Ասեմ ավելին, մինչև էս իրադարձությունը բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մեր կողմից է զինծառայող հայտնվել իրենց մոտ, և իրենց կողմից է զինծառայող հայտնվել մեզ մոտ, և, փառք Աստծո, առանց միջադեպերի»,- ընդգծեց Ռուբինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ