Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները՝ խստագույնս պատժվելու. Արթուր Հովհաննիսյան

Աստղիկ Խաչատրյան 23.12.2023 - 11:28
23.12.2023 - 11:28 դիտում

Փաստորեն, Արցախի կապիտուլյացիան ստորագրած, ամբողջ զինամթերքն ու տեխնիկան հակառակորդին նվիրած, Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձին նպաստած Արցախի նախագահը և յուր «պաշտոնյաները» նախ նեղսրտում են, որ Հայաստանում աշխատավարձ չեն ստանում, հետո էլ խոսում Հայաստանի Հանրապետության ներսում ինչ-որ ինստիտուտների գործարկման մասին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի: Երևանում և Հայաստանում գործում են միայն և բացառապես ՀՀ օրինական ղեկավարության հրամանագրերն ու որոշումները: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը ընտրել է իր լեգիտիմ Ազգային ժողովին, վարչապետին, ձևավորել ինստիտուտներ և վերջ:

Հայաստանում կա մեկ իշխանություն, և այդ մեկ իշխանությունը Հայաստանի օրինական իշխանությունն է: Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս և արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից:

Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները խստագույնս պատժվելու են»,- գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Սամվել Շահրամանյանը, դեկտեմբերի 22-ին հանդիպելով այն պետական մարմինների ղեկավարների հետ, որոնք շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով, անդրադարձել էր սեպտեմբերի 26-ի հրամանագրին և ընդգծել, որ ԼՂ իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ