«Կորոնավիրուսով կրկնակի վարակումը բացառված չէ». Հայաստանում կորոնավիրուսային վիճակը կրկին անհանգստացնող է

Աննա Կոստանյան 4.03.2021 - 13:37
4.03.2021 - 13:37 դիտում

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին՝ նշելով, որ թվերի աճ կա, ինչը անհանգստացնող է:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ կա հիվանդացության աճ. երեկվա դրությամբ՝ կա 491 դրական դեպք:

Նախարարը նշեց, թե պետք է վերադառնալ դիմակների ու կանխարգելիչ այլ միջոցառումների խիստ պահպանմանը:

«Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ, ապա պետք է ամեն բան անենք, որ կանխենք հիվանդության տարածումը», – նշեց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝առանձնակի ուշադրություն պետք է վերահսկող մարմինները իրականացնեն:

«Այսօր վերսկսում ենք երկու հիվանդանոցի ծավալման աշխատանքները, ներկայում ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը, հընթացս կավելացնենք մահճակալների թիվը», – ասաց նախարարը:

Ավանեսյանը նշեց, որ հիվանդներից 20 տոկոսի մոտ կա ծանր ընթացք, հինգ տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք:

Նախարարի խոսքով՝ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, որոշակի դանդաղում կա, սակայն ամեն ինչ անում են, որ հասանելիությունը ապահովվի:

«Հույս ունենք, որ գարնան ընթացքում առաջին խմբաքանակը արդեն կունենանք», – ասաց նա:

Ավանեսյանը նշեց, թե թյուր ըմբռնում կա, որ եթե վարակվել ու լավացել են կորոնավիրուսով, ապա ավելի դժկամությամբ են կրում դիմակներ:

«Որևէ ապացուցված գիտական մոտեցում չունենք, որ վարակումը բացառված է, ուստի, խնդրում եմ, պահպանեք կանոնները», – ասաց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ