Իսպանիայի խորհրդարանականները հայտարարությամբ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Աստղիկ Խաչատրյան 17.10.2023 - 21:21
17.10.2023 - 21:21 դիտում

Իսպանիայի խորհրդարանի յոթ խմբակցություններ հոկտեմբերի 17-ին ընդունել են հայտարարություն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ խմբակցությունները խստորեն դատապարտել են «Ադրբեջանի՝ արդարացում չունեցող հարձակումը, որը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար»։

Խմբակցություններն իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ինչպես նաև կյանքի չի կոչում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։

Իսպանացի օրենսդիրները պահանջել են Ադրբեջանից անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները՝ հիշեցնելով, որ այդ պետությունը ժամանակին վավերացրել է Ցեղասպանությունների կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։ Նրանք դատապարտել են ադրբեջանական գործողությունների հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստները՝ իրենց համերաշխությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը կարող է և պետք է նպաստի հակամարտության բանակցային ու տևական լուծման որոնումներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ