Թուրքիայի ազգային մեծ ժողովի չորս կուսակցությունները՝ Արդարություն և զարգացում (AKP), Հանրապետական ժողովրդական (CHP), Ազգայնական շարժում (MHP) և Լավ (İYİ Parti) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած նախագծի բանաձևը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի առաջարկությամբ ստորագրված հայտարարության մեջ նշվել է, որ իբրև Թուրքիայի քաղաքական ուժեր, իրենք խստորեն դատապարտում են նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված որոշումը։
«Հիշեցնելով, որ նման կողմնակալ և սադրիչ նախաձեռնությունները հեռու են մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն, հանգստություն և կայունություն ապահովելուց, մենք հայտարարում ենք, որ նրանք, ովքեր նման թշնամական քայլեր են ձեռնարկում մեր երկրի և եղբայրական Ադրբեջանի դեմ, չեն վրիպում մեր ժողովի և մեր սիրելի ազգի ուշադրությունից», – եզրափակվում է հայտարարությունը:
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Էմմա Արդարյան