Գերությունից վերադարձած Էդուարդ Մարտիրոսովն արդեն հայրենիքում է․ բացառիկ կադրեր

26.05.2022 - 19:30 դիտում

Ադրբեջանում որպես գերի պահվող զինծառայող Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է։ Նա Ադրբեջանից տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Մարտիրոսովին ուղեկցել են ռուսական խաղաղապահ կզորախմբի ներկայացուցիչները։
Զինծառայողի տեղափոխումը հայկական կողմ տեղի է ունեցել խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ներկայությամբ։

«Համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ այսօր բանակցությունների շնորհիվ հայկական կողմին է հանձնվում հայ-ադրբեջանական սահմանի շրջանում մեկ ամիս առաջ մոլորված ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը»,- ասաց գեներալ-մայոր Վոլկովը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը նշել է, որ շարունակվում են բոլոր ռազմագերիների վերադարձի աշխատանքները։
«Մենք ամեն քայլ անում ենք, որպեսզի այս կամ այն կերպ գերեվարված բոլոր զինծառայողները վերադառնան տուն։ Գործընթացը շարունակվում է, կանենք ամեն ինչ, որպեսզի խաղաղություն տիրի»,- ասել է ռուս գեներալը։

Հայկական կողմի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վոլկովին՝ շարքային Մարտիրոսովին վերադարձնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։

Մարտիրոսովին օդանավակայանից անմիջապես տեղափոխել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն։ Այնտեղ կարճ զրույց է տեղի ունեցել, որից հետո զինծառայողը գնացել է տուն։

Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովի Ադրբեջանից վերադարձի մասին։

Զինվորի տեղափոխումը տեղի է ունեցել մայիսի 22-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ Մարտիրոսովի հետ կապը կորել էր ապրիլի 23-ին, երբ նա զորամասից մարտական դիրք էր գնում։ Ավելի ուշ պարզվել է, որ հայ զինծառայողը նույն օրը չպարզված հանգամանքներում հատել է սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ