Շիրակի մարզպետը և ԱԺ փոխնախագահը շրջայց են կատարել Գյումրիում՝ տեղում ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Աննա Կոստանյան 20.10.2026 - 13:39
20.10.2026 - 13:39 դիտում

Գյումրիում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Նախօրեին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հետ շրջայց իրականացրինք Գյումրիում՝ տեղում ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«Այցելեցինք Գորկու, Հասմիկ Կիրակոսյան և Շահումյան փողոցներ, ծանոթացանք իրականացվող աշխատանքների ընթացքին և առկա խնդիրներին։

2026 թվականին Գյումրիում նախատեսվում է վերանորոգել շուրջ 15 կմ ճանապարհահատված։ Շրջայցի ընթացքում եղանք նաև Շիրակացի փողոցում, որտեղ հիմնանորոգվում է շուրջ 2,4 կմ ճանապարհահատված՝ ներառյալ ճանապարհի տարանցիկ հատվածը։

Մեր նպատակը մեկն է՝ ապահովել աշխատանքների պատշաճ որակն ու սահմանված ժամկետների պահպանումը՝ բարելավել ճանապարհների վիճակը և բարձրացնել երթևեկության անվտանգությունը։

Շրջայցի ընթացքում անդրադարձանք նաև Գյումրու նախկին Սևյանի անվան երկաթուղայինների մշակույթի պալատի՝ Սևյանի ակումբի վերականգնման հնարավորություններին։

Կառույցի վերականգնումը հնարավորություն կտա պահպանել դրա պատմական արժեքը և այն ծառայեցնել քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը։ Մեր տեսլականն է այստեղ ստեղծել ժամանակակից մշակութային կենտրոն, որտեղ Գյումրու երեխաներն ու երիտասարդները կունենան ստեղծագործելու, իրենց տաղանդները բացահայտելու և մշակութային կյանքին ակտիվորեն մասնակցելու նոր հնարավորություններ»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ