Նախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգ

Աստղիկ Խաչատրյան 15.07.2026 - 19:48
15.07.2026 - 19:48 դիտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ նախատեսվում է սահմանել բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգը:
e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, նրանց պաշտպանության, ուղղորդման և նրանց հետ աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի նպատակն է ստեղծել հստակ, թափանցիկ և կանխատեսելի մեխանիզմներ՝ բուլինգի ենթարկված երեխաներին ժամանակին հայտնաբերելու, պաշտպանելու և անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար։ Նոր կարգը կկիրառվի երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կենտրոններում, կրթական (այդ թվում՝ նախադպրոցական և արտադպրոցական) հաստատություններում, սպորտային, մշակութային կազմակերպություններում և արդարադատության համակարգում գործող պատժի կամ քրեաիրավական ներգործության միջոցներ իրականացնող մարմիններում։
Բուլինգը երեխայի նկատմամբ բռնության մասնավոր դրսևորում է, և նման դեպքերի հայտնաբերումը նախատեսվում է իրականացնել հետևյալ ուղղություններով․
  • մանկավարժական և ուսումնաօժանդակ անձնակազմի, ինչպես նաև հոգեբանի կողմից երեխաների միջանձնային շփումների, վարքագծային կտրուկ փոփոխությունների և հուզական վիճակի ամենօրյա մշտադիտարկում,
  • բուլինգի դեպքերի մասին անանուն հայտնելու համար «Վստահության արկղեր» կամ առցանց հարթակներ ներդնելու միջոցով,
  • մեկուսացված կամ թիրախավորված երեխաներին հայտնաբերելու նպատակով հատուկ մշակված հարցազրույցների իրականացում թիմի կողմից,
  • վստահության մթնոլորտի ձևավորում, որտեղ երեխան իրեն անվտանգ է զգում հոգեբանին, մանկավարժին կամ թիմի համակարգողին դիմելու՝ սեփական փորձառության կամ այլ երեխայի նկատմամբ կիրառվող բուլինգի հնարավոր դեպքի մասին պատմելու համար։
Նախագծի մանրամասները՝ այստեղ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ