Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար՝ բարձր գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների զարգացման, երկկողմ համագործակցության ընդլայնման գործում ունեցած ավանդի համար։
Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է վերջին տարիներին հայ-ղազախական քաղաքական երկխոսության ակտիվ զարգացումը՝ կարևորելով բարձր մակարդակի փոխադարձ այցերի, ինչպես նաև առևտրատնտեսական, տրանսպորտային, կրթական, մշակութային և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շարունակական խորացումը։
Անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին՝ նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից են: Նախագահն ընդգծել է, որ դրանք նոր հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ տնտեսական և տրանսպորտային համագործակցության ընդլայնման համար։
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Բոլատ Իմանբաևին մաղթել է հաջողություններ և ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում։
