Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

6.07.2026 - 21:55 դիտում

Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են։
ԲՀԿ առաջնորդի տանը կատարված խուզարկությունն ավարտվել է։ Այսօր վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և «Մուլտի գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ընկերություններում ու դրանց տնօրենների բնակարաններում: Թե ինչ քրեական վարույթի շրջանակում է գործողությունը՝ Քննչական կոմիտեից դեռ չեն մանրամասնում: Մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ և ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:
Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սպասում են Ծառուկյանի տան խուզարկության ավարտին, որպեսզի հասկանան, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրված, կամ ինչ կարգավիճակ ունի այս գործի շրջանակներում: Ինչ վերաբերում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի ընկերություններին, ըստ Տոնոյանի՝ «Արարատցեմենտ»-ում, Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոուն»-ում խուզարկություններն ավարտվել են, դրանք կապարակնքվել են:
Խուզարկություններն ավարտվել են նաև Օլիմպավանում և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Դրանց գործունեությունը, Տոնոյանի խոսքով, ևս դադարեցվել է: «Մուլտի սթոուն» ընկերության տնօրենը նաև հրավիրվել է հարցաքննության:
Հիշեցնենք, նախորդ ամիս դատախազը առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ծառուկյանի նկատմամբ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ