Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին

Աննա Կոստանյան 20.05.2021 - 12:25
20.05.2021 - 12:25 դիտում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ հարցին, թե ինչու է Հայաստանն առանց զինված դիմադրություն ցույց տալու դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

«Բոլոր այն մարդիկ, որոնք գոնե մի քանի պարբերություն կարդացել են ՀԱՊԿ պայմանագրերից, նրանք կիմանան, որ ՀԱՊԿ-ն հենց նրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու: Դա կազմակերպություն չէ, որի շրջանակներում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու: Դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացիա թույլ չտալու, էսկալացիան դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար: Հենց սա է ՀԱՊԿ-ի էությունը: Եթե ՀԱՊԿ շրջանակներում սկսում են կրակոցները, մեծ հավանականությամբ կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի, եթե չասենք որոշ սցենարի դեպքում ավելի լայնամասշտաբ պատերազմի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այս առումով շատ կարևոր է հասկանալ, թե որն էր ադրբեջանական կողմի նպատակը: «Տարբերակներից մեկը պատերազմի հրահրումն էր, ու մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք նրա վրա, որ այդ գործողությունն առնվազն Սյունիքի հատվածում իրականացվում է Սյունիքի մարզի և ՀՀ տարածքի ամենանեղ հատվածով, որը մոտ 26 կմ լայնություն ունի: Եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադրություններ զարգանալ, որը հետո շատ մեծ խնդիրների առջև կարող էր կանգնեցնել:

Մենք որոշել ենք, որ հարցը պետք է լուծենք մեր անվտանգային միջազգային մեխանիզմներով, ես սա համարում եմ ճիշտ, որն այս պահի դրությամբ արդարացնում է իրեն՝ թեև դեռ չենք կարող ասել, որ այդ ճանապարհով հասել ենք մեր նպատակին:

ՀՀ ներքին պրոցեսները դիտարկելով, չի կարելի բացառել, որ այս գործողության նպատակը ՀՀ ներքաղաքական պրոցեսների, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալն է, և գուցե նաև ՀՀ-ում գործող պրոպագանդիստական, գործակալական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև հարցին, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչը կարողացել հատել հայ-ադրբեջանական սահմանը։

«Նախ ուզում եմ ասել, որ պատերազմից հետո մեր երկրի արտաքին սահմանը երկարել է մի քանի հարյուր կիլոմետրով։ Եվ այն հատվածներում, որտեղ գործ ունենք, բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ և որտեղ ընդհանրապես որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ։ Ինչպիսի վիճակում է այսօր այդ հատվածներում սահմանը հայկական կողմից, նույն վիճակում է ադրբեջանական կողմից»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այստեղ ուրիշ խնդիր կա: «Նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրենք, որովհետև, այո, մեր գնահատմամբ՝ ադրբեջանական զորքերի շարժն ուղիղ հակասության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ։ Եվ այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք ու դիվանագիտական աշխատանք իրականացնենք՝ սա արձանագրելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ